14 հոկտեմբերի 2020 - 19:21 AMT
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Դրան, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը բնակչությանն ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ բանակցությունների գործընթացում Ադրբեջանը հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, այդ երկիրը պահանջում էր անհապաղ հանձնել 7 շրջանից 5-ը, մյուս երկուսը հանձնելու ժամանակացույց նշել և արձանագրել, որ Արցախը որևէ կարգավիճակի դեպքում պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է նման պայմաններից, իսկ Արդբեջանը մերժել կարգավիճակի շուրջ որևէ քննարկում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։