14 հոկտեմբերի 2020 - 19:22 AMT
Բաբայան․ Արցախի դեմ պատերազմը միջազգայնանում է, ահաբեկիչները թիրախավորելու են ՌԴ-ն ու Իրանը

Արցախի դեմ Ադրբեջանի սնաձազերծած պատերազմը, որին մասնկացում են նաև թուրքեր ու ահաբեկիչներ, միջազգայնացման միտումներ ունի, տարածաշրջանը, և հատկապես՝ Իրանն ու Ռուսաստանը, վտանգի տակ են, հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են Ռուսաստանի տարածք և հասել են մինչև Չեչնիա, որը սահման չունի հակամարտության գոտու և Ադրբեջանի հետ։ Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ Իրանի սահմանին ևս ահաբեկչական խմբեր կան։

Ըստ Բաբայանի՝ մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ «թուրք-ադրբեջանաահաբեկչական եռամիասնությունը վտանգավոր քայլեր է ձեռնարկում Արաքս գետի վրա»՝ Իրանի կառուցած ջրամբարին տիրանալու համար։

Բաբայանի խոսքով՝ դա խոշոր ջրամբար է, օգտագործվում է Իրանի կողմից և բավարարում երկրի հյուսիսային սահմանների ջրամատակարարման պահանջները։

«Չի բացառվում, որ վնասեն ջրամբարը, և էկոլոգիական կատաստրոֆա իրականացնեն՝ թիրախավորելով Իրանը։ Դա Իրանի համար տնտեսական, սոցիալական, էկոլոգիական մեծ կորուստ կլինի»,- նշել է նա։

Ըստ նրա՝ պատերազմից հետո աշխարահաքաղաքական մրցակցություն է լինելու, տվյալ դեպքում հայերի շահերը համընկնում են ՌԴ, Իրանի, Չինաստանի ու նաև ԱՄՆ-ի շահերի հետ, իսկ վերջինիս իմիջին Թուրքիան հարվածել է իր գործողություններով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։