15 հոկտեմբերի 2020 - 10:01 AMT
ԱՀ ԱԳՆ․ Հոսպիտալի գնդակոծումը վկայում է` Բաքվի, Անկարայի և ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնի որևէ հանցագործությունից

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք:

Նշվում է, որ պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։

«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են ՌԴ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են ՀՀ տարածքին՝ «նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները»։

«Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հակառակորդը՝ շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժվում են նաև քաղաքացիական անձինք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։