15 հոկտեմբերի 2020 - 10:53 AMT
Ստեփանակերտը մաքրվում է ռումբերից և հրթիռներից

Արցախում արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:

Նրանք արդեն մի քանի թաղամասի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:

Ավելի վաղ` Արցախի տեղեկատվական շտաբը զգուշացրել էր գետնին ընկած զինամթերքներին չմոտենալ և ձեռք չտալ։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ միայն Ստեփանակերտում մինչև 700 չպայթած կասետային ռումբ է հայտնաբերվել, դրանք վնասազերծվում են: