15 հոկտեմբերի 2020 - 13:56 AMT
Արցախում տեղաշարժն ու ելումուտը համակարգելու համար պարետատուն կգործի

Արցախի նախագահի հրամանագրով՝ ռազմական դրությամբ պայմանավորված Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է Արցախից քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:

Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Արցախից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա արցախցիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի տված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետը լիազորվել է նաև սահմանել առանձին տարածքներ ելումուտը, այնտեղ գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգն և պայմանները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։