15 հոկտեմբերի 2020 - 16:00 AMT
ՀՕՊ փոխհրամանատար․ Հակառակորդի հերթական ՍՈւ-25-ն է խոցվել

Հոկտեմբերի 15-ի դրությամբ պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ևս մեկ ՍՈւ-25 գրոհիչ ինքնաթիռ, հայտարարել է Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

Սա վերջին օրերին արդեն երրորդ նման գրոհիչն է, որ հայկական կողմը ոչնչացնում է:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների կիրառմանը։ Մովսեսյանը նշել է, որ դրանք Ադրբեջանում հայտնվել են դեռևս 2020-ի հուլիսից:

«Դրանք ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ և ԱՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով: Զորավարժությունների ավարտից հետո այդ ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են Ադրբեջանում: Ընդ որում, պետք է նշեմ, որ F-16-երի թռիչքները դեպի Ադրբեջան իրականացվել են Վրաստանի տարածքով», - ասել է Մովսեսյանը:

Նա նաև նշել է, որ թուրքական օդուժն իր գործողություններով այժմ գործակցում է ադրբեջանականի հետ, F-16-երը գործում են ադրբեջանական օդուժի հետ, այլ ոչ առանձին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։