15 հոկտեմբերի 2020 - 18:44 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ․ Միայն Թուրքիան է դեմ ԼՂ-ում հրադադարին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ խառնվելու համար՝ նշելով, որ միայն այդ երկիրը հրադադարի պահպանման կոչ չի անում, փոխանցում է Reuters-ը։

«Այս հարցում ռազմական հաղթանակ լինել չի կարող և հրադադարը պետք է իրագործվի: Այսօր մենք տեսնում ենք, որ կա միայն մեկ երկիր, որը հրադադարի պահպանման կոչ չի անում, այդ երկիրը Թուրքիան է»,-ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ իրենց համար պարզ է՝ Թուրքիան մշտապես անընդունելի սադրիչ գործողություններ է իրականացնում։ Ժան-Իվ Լը Դրիանը և նրա գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասը նաև մեղադրել են Թուրքիային Արևելյան Միջերկրականում գործողություններով Եվրամիությանը սադրելու մեջ:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին՝ միջազգային մի շարք լրատվամիջոցներ ու տարբեր երկրներից քաղաքական գործիչներ խոսել էին Թուրքիայի հովանավորությամբ տարածաշրջան բերված սիրիացի վարձկանների մասին։ Հայկական կողմը զգուշացրել է, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով վտանգ են Արցախի, իսկ երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանի համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AFP