15 հոկտեմբերի 2020 - 20:01 AMT
Ադրբեջանի կրակից ընդհանուր զոհվել է 1 երեխա, ծանր վիրավորվել՝ 3-ը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով երեխաների տուժելու դեպքերը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ:

Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով Մարտակերտի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, որը 5 օր մնացել է կոմայի մեջ։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեն: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան ևս մեկ տղա:

Նշվում է, սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են, ավելի քան 24,000 երեխա չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10,815 երեխա զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։