15 հոկտեմբերի 2020 - 20:37 AMT
Դատախազությունը մերժել է Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու Մարուքյանի առաջարկը

Գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանվարումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ։

Պատգամավորն առաջարկը գլխավոր դատախազին էր ուղարկել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից։

Մարուքյանի խոսքով` Ծառուկյանն իր կողմից տիրապետվող ռեսուրսներով և միջազգային կապերով կարող է իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման և այլ ուղղություններով աշխատանքներում։

Հոկտեմբերի 7-ին նույնպես Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասով վերաքննիչ բողոքը մերժվել էր։ Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։