19 փետրվարի 2009 - 17:34 AMT
Հունաստանի հայ երիտասարդությունը Իլհամ Ալիեւին տհաճ անակնկալ է նախապատրաստել
ՀՅԴ կուսակցության երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Աթենք այցելելու կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հունաստանի ՀՅԴ կուսակցության երիտասարդական միությունում, երբ Ադրբեջանի նախագահի պատվիրակությունը մոտեցել է Հունաստանի Առեւտրի պալատի շենքին, նրան այնտեղ դիմավորել են հայ ակտիվիստները: Նրանք գոչում էին. «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին» եւ «Ալի'եւ, դադարեցրու' ագրեսիան. Լեռնային Ղարաբաղը արդեն անկախ պետություն է» կարգախոսներով ցուցապաստառներ էին բռնում:

«Իլհամ Ալիեւը շփոթմունքի մեջ էր: Նրա համար դա ակնհայտորեն տհաճ անակնկալ էր: Հայ ակտիվիստների գործողություններին խանգարելու համար Ադրբեջանի նախագահի թիկնապահները հարձակվեցին ցուցարարների վրա եւ անգամ ներս չթողեցին հայ լուսանկարիչ-լրագրողին»,- ասվում է ստացված հաղորդագրության մեջ:

Բռնությունը կանխելու համար բողոքի ցույցի վայր ժամանեց հունական ոստիկանությունը: Նա փորձեց ցրել ակտիվիստներին, բայց հայ երիտասարդության ներկայացուցիչները հրաժարվում էին լքել ցույցի վայրը: Բողոքի ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ որ Իլհամ Ալիեւը դուրս եկավ պալատի շենքից եւ արագ հեռացավ իր թիկնապահների ուղեկցությամբ: