16 հոկտեմբերի 2020 - 10:20 AMT
Իրանը կարձագանքի, եթե իր տարածքում կրկին արկեր ընկնեն

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սադի Հաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն, գրում է Interfax-ը։

«Հերքելով իրանցի սահմանապահների պատասխան գործողությունների մասին լուրերը՝ Հաթիբզադեն ասել է, որ Իրանի սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը դիտարկվում է որպես կարմիր գիծ երկրի ԶՈւ համար։ Իրանն անտարբեր չի մնա, եթե նման դժբախտ պատահարները կրկնվեն»,- ասվում է Իրանի կառավարության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել։ Հոկտեմբերի 15-ին 8 արկ է ընկել Իրանի տարածքում, 1 մարդ տուժել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։