16 հոկտեմբերի 2020 - 12:49 AMT
ԱԳ նախարարը՝ Զասին․ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն դառնալու միտումը սպառնում է ՀԱՊԿ-ին

Հայասատանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում ընդգծել է որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) պատասխանատվության տարածաշրջանի համար:

Նախարարը նաև առանձնահատուկ ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Մնացականյանը խորը մտահոգություն է արտահայտել միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ։

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ամբողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողություններն ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:

Նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:

Հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին, քանի որ այդ երկրին տարածքային պահանջներ չունի և չի հավակնում նրա ամբողջականության խարխլմանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։