16 հոկտեմբերի 2020 - 13:47 AMT
ՀՀ նախագահ․ Թուրքիան կվերահսկի Ադրբեջանում խողովակաշարերը՝ պատանդառելով աշխարհի երկրներին

Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ։ Անկախ հակամարտության ավարտից թուրքերը կմնան այնտեղ, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա՝ սպառողից դառնալով խողովակաշարերի վերահսկող, ու երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա, բոլոր նրանք, որոնք գտնվում են Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան։ Այս մասին The Critic-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է:

Նրա խոսքով՝ Արցախի Պաշտպանության բանակն ավելի լայն իմաստով նրանք կռվում են նաև Ռուսաստանի, Իրանի անվտանգության համար, Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:

«Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանում, Աստված օգնական բոլորիս»,- ասել է նա:

Նախագահը նշել է՝ կցանկանար, որ երկրներն ավելի մեծ ճնշում գործադրեին Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է․ «Այն պահին, երբ Թուրքիան դուրս բերվի այս խնդրից, վստահեցնում եմ, որ մեկ-երկու օրից պատերազմը կդադարի»:

Նախագահն ասել է, որ հիասթափված է ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Իսրայելից և շատերից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։