16 հոկտեմբերի 2020 - 22:59 AMT
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել հայ 2 ռազմագերու կյանքի անձեռնմխելիությունը և առողջության իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանն ապահովել ռազմագերիներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միաժամանակ դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ գերիների որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ Զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ հրատապ միջոց կիրառելու հայտը ներկայացրել են երկու անգամ՝ հաշվի առնելով և ներկայացվելով ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։

Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին․

1. Գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020 թ. զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,

2. Մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,

3. Ապահովելու պատշաճ բժշկական օգնություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։