17 հոկտեմբերի 2020 - 00:40 AMT
«Կոմերսանտը» տեղեկություն է հայտնել Ադրբեջանում թուրքական զորախմբի քանակի ու տեխնիկայի մասին

Ռուսական «Կոմերսանտի» ռազմա-դիվանագիտական աղբյուրը բացահայտել է, թե ինչպես են թուքրերը հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման համար ու ինչ մասնակցություն ունեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։

Աղբյուրը հայտնել է, որ Արցախի պաշտպանության բանակի դեմ մարտերում օգտագործվում է թուրքական ռազմական տեխնիկա ու մարդուժ․ մասնավորապես ՊԲ-ի դեմ օգտագործվում է 20 հատ Բայրաքթար ԱԹՍ, 6 հատ F16, 8 ուղղաթիռ ու որոշ քանակի ցամաքային տեխնիկա։

Արցախում պատերազմին թուրքական բանակից ներգրավված է 600 զինվորական, այդ թվում՝ Նախիջևանում։ Մարդուժի մեջ է մտնում 200 հոգանոց բատալիոնային խումբ, 90 ռազմական խորհրդատու և անձնակազմի այլ անդամներ։

Ռազմա-դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ ադրբեջանական բանակին մատակարարումները թուրքական օդուժն է կազմակերպում՝ Վրաստանի տարածքով, իսկ ռազմական գործողությունների ընդհանուր պլանավորումն իրականացնում են անձամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը՝ հենց Բաքվից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։