17 հոկտեմբերի 2020 - 15:15 AMT
Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց ցույց են արել

Աշխարհով մեկ շարունակվում են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ սփյուռքահայերի բողոքի ակցիաները։ Հոկտեմբերի 17-ին բրիտանահայերը բողոքի խաղաղ ցույց են անցկացրել Լոնդոնում գտնվող BBC-ի գրասենյակի դիմաց։

Նրանք աշխարհի ուշադրություն են հրավիրում Արցախի գոյամարտի, անկախության ճանաչման և խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործությունների նկատմամբ, պահանջում են դեպքերի արդար լուսաբանում։

Սեպտեմբերի 27-ից աշխարհում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են իրականացրել, փակել միջպետական ճանապարհներ, ցույցեր արել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրությունների առջև, այդ թվում՝ CNN-ի, CBS-ի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։