18 հոկտեմբերի 2020 - 11:47 AMT
Իրանի հանդեպ զենքի էմբարգոն վերացվել է՝ ժամկետն ավարտվել է

ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 18-ին՝ համաձայն 2015-ին համաշխարհային տերությունների հետ այդ երկրի միջուկային գործարքի համաձայնագրի:

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ «երկրից ներս և դուրս՝ զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»:

Զենքի էմբարգոյի վերացումն ավելի վաղ համաշխարհային սպառնալիք էին համարել ԱՄՆ-ում։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն դատապարտել էր ՄԱԿ-ի քվեարկության արդյունքն ու ասել, որ կառույցը Թեհրանին ընձեռում է մահաբեր զինատեսակներ գնելու և վաճառելու հնարավորություն:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ արդեն հայտնել էր, թե հոկտեմբերի 18-ից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում ցանկանա և գնել՝ ումից ուզի»։

2020-ի օգոստոսի 14-ին ԱՄՆ նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության է դրվել զենքի էմբարգոն երկարաձգելու բանաձևի օրինագիծը: Անվտանգության խորհրդի 15 անդամից երկուսը կողմ եմ քվեարկել, երկուսը՝ դեմ, իսկ 11-ը ձեռնպահ են մնացել. այդպիսով, բանաձևը քվեարկությամբ չի ընդունվել: