18 հոկտեմբերի 2020 - 18:02 AMT
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ կողմնակալ հայտարարությունն Ադրբեջանի քաղբնակչության մասով

ՀՀ արտգործնախարարությունը վրդովմունք է հայտնել Եվրամիության Արտաքին գործերի եվրոպական ծառայության խոսնակի միակողմանի հայտարարության վերաբերյալ, որով դատապարտվում է «Գյանջայի հրթիռակոծումը»:

ԱԳՆ-ն արձանագրել է, որ Եվրոպական միությունը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմական հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։

Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները։

Նշվում է, որ արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի բնակավայրերը` դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։

Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Միաժամանակ ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

«Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությանը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում»,- նշում է ԱԳՆ-ն։

Գերատեսչության փոխանցմամբ` անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։