18 հոկտեմբերի 2020 - 22:24 AMT
9 ԱԹՍ ենք խոցել․ Հյուսիսում ջախջախել ենք և հետ շպրտել, հարավում թեժ մարտեր են

Հոկտեմբերի 18-ի վաղ առավոտից Արցախի հյուսիսային ու հարավային ուղղություններով ադրբեջանական կողմը հարձակման փորձ է արել, հյուսիսում ջախջախվել են ու հետ շպրտվել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այն կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։

Նա նշել է, որ հարավային ուղղությամբ 2 հատվածում փորձել են գործողություն ծավալել, մեկում հայկական հրետանու հարվածի տակ են ընկել, հետ շպրտվել՝ զգալի թվով տեխնիկա ու զինամթերք կորցնելով։ Հովհաննիսյանը հայտնել է, որ ուշ երեկոյի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, թեժ է հարավում։

Հոկտեմբերի 18-ին ևս ադրբեջանական կողմն ԱԹՍ է կիրառել, 20։30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, սակայն նման մարտական գործողությունների պարագայում առանձին դիրքային պայքարների մասին խոսելն ակտուալ չէ։

«5-րդ սերնդի պատերազմ է ընթանում բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում։ Դրա համար կոնկրետ բնագծեր, հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»,- ասել է նա` հավելելով, որ ադրբեջանցիներն իրենց որոշ ծուղակն ընկած իրավիճակներ ներկայացնում են որպես հաջողություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։