19 հոկտեմբերի 2020 - 00:26 AMT
ՄԻՊ․ Հայ զինվորին գլխատել են, զանգով հայտնել նրա եղբորն ու հրապարակել ֆոտոն սոցցանցում

Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում, հայտնել է Մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը։

«Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով»,- գրել է ՄԻՊ-ը։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։

ՄԻՊ-ը հայտնել է, որ խոշտանգման այդ դեպքերը ևս փաստագրված են անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։