19 հոկտեմբերի 2020 - 10:03 AMT
Ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի Սոթքի և Կութիի դպրոցները

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Այդ մասին տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հոտեմբերի 18-ի 20։30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։

Նշվում է, որ հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։

«Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։