20 հոկտեմբերի 2020 - 15:27 AMT
Հարությունյան․ Առավել ծանր մարտերն Իշխանաձորում, Կովսականում և Միջնավանում են

Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը։

Պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ամբողջ երկայքնով ռազմական գործողություններն ինտենսիվ շարունակվում են։

Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին և, որպես անվտանգության երաշխավոր, իրականացրել և իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։