20 փետրվարի 2009 - 16:46 AMT
Երեւանում բացվել է Ղարաբաղյան շարժման 21-ամյակին նվիրված ցուցահանդես
Փետրվարի 20-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արցախյան շարժման 21-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվել են լուսանկարներ, քարտեզներ եւ վերջին 5 տարիների ընթացքում Շուշիում, Խանդաբերդյան տաճարում եւ Տիգրանակերտում կատարված հնագիտական պեղումների արդյունքների մի մասը:

Բոլոր երեք պատմական հայկական հուշարձանները գտնվում են ազատագրված տարածքներում եւ իրենցից ներկայացնում են տվյակ տարածքում երկու հազար տարի շարունակ հայկական էթնոսի եւ մշակույթի առկայության վառ ապացույցը:

Շուշիի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին դամբարաններ, որոնք թույլ տվեցին մասնագետներին հաստատել, որ Շուշիի պլատոն բնակեցված է եղել դեռեւս մ. թ. ա. երկորդ դարում: Իսկ նույն տարածքի միջնադարյան հուշարձանների հնագիտական պեղումները ապացուցեցին այդտեղ XII դարից հայկական մշակույթի առկայությունը:

Արցախի Վերին Խաչեն շրջանում գտնվող Խանդաբերդ տաճարի հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեցին մոնղոլական արշավանքների շրջանում հայկական կենցաղի մանրամասն նկարագրություններ: Եւ, վերջապես, ցուցահանդեսին ներկայացվել էին մ. թ. ա. առաջին դարից մինչեւ մեր թվարկության տասնչորսերորդ դարը գոյատեւած արցախյան Տիգրանակերտի պեղումների լուսանկարները, քարտեզներն ու գտածոները: Երեք տարի տեւած հնագիտական աշխատանքների արդյունքում մասնագետներին հաջողվեց պեղել ամրոցային պատի մի հատվածը, ամրացված հատվածի ժայռափոր հիմքերը, նույն շրջանում գտնվող բազիլիկայի մի մասը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի վերջ եւ կազմակերպված է Հայաստանի Մշակույթի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աջակցությամբ: