20 հոկտեմբերի 2020 - 20:02 AMT
Արցախում խոցված ևս մեկ Bayraktar կա

Հայկական կողմը լուսանկար է հրապարակել Արցախում խոցված ևս մեկ, թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքից։

Լուսանկարում ոչնչացված անօդաչուի հետ երևում են թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության ԱԹՍ-ների համար նախատեսված MAM կառավարվող հրթիռներ։

Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակն առաջին անգամ ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։