21 հոկտեմբերի 2020 - 10:56 AMT
Գիշերը ճակատում կայուն-լարված էր, այժմ հյուսիսում ու հարավում տեղային մարտեր են

Հոկտեմբերի լույս 21-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։