21 հոկտեմբերի 2020 - 15:24 AMT
Ռազմարդյունաբերական կոմիտեի ընկերություններն աշխատում են 24/7 ռեժիմով

Ռազմական դրության պայմաններում Ռազմարդյունաբերական կոմիտեի ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է հաճախակի աշխատանքային այցերը ՌԱԿ համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում-քննարկումները՝ ներկայացուցիչների հետ:

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանն ակտիվ գործողությունների ընթացքում:

Նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։