21 հոկտեմբերի 2020 - 21:13 AMT
Պոմպեո․ ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար պետք է ցանկացած այլ երկիր հեռու մնա հակամարտությունից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա հավելել է, որ ԼՂ հարցում դիվանագիտական լուծումը պետք է ձեռք բերվի:

«Դիվանագիտական բարդ իրավիճակ է: Մեր դիրքորոշումը, ինչպես և յուրաքանչյուր եվրոպական երկրի դիրքորոշում, մնում է այն, որ այս հակամարտության դադարեցման և էսկալացիայի թուլացման համար ցանկացած այլ երկիր պետք է հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն որևէ կողմին և որևէ ազդեցություն»,- ասել է նա:

Պոմպեոն նշել է, որ ԼՂ հարցով հոկտեմբերի 23-ին կխոսի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Հոկտեբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ում այս պահին հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ։

Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ մատակարարելով զինտեխնիկա ու մարդուժ՝ այդ թվում նաև ահաբեկիչ-վարձկաններ՝ Սիրիայից ու Լիբիայից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։