21 հոկտեմբերի 2020 - 21:26 AMT
Երևանում արցախցիների սոցխնդիրներով զբաղվող օպերատիվ շտաբ կստեղծվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Երևանում կձևավորվի օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ժամանակավոր այնտեղ տեղափոխված արցախցի ընտանիքների սոցիալական խնդիրներով:

«Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նախագահը նշել է, որ առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում է Մայր հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիներին՝ օր առաջ Արցախ վերադառնալու․ «Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»,- նշել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։