22 հոկտեմբերի 2020 - 13:52 AMT
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի կազմում` խորապես մտահոգված ենք հրադադարի խախտումներով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ԼՂ իրավիճակին, ասել է, որ ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չի կազմում և խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ «Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը»,-ասել է նա։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր մտահոգությունն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անհանգստություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ և առանձնապես՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ կողմերը կհարգեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ։

Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

«Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր»,-ասել է Ստոլտենբերգը։

Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության պատմություն ունեն, և այս բոլոր տարիներին Հայաստանը լավ գործընկեր է եղել։ Մենք մեր խաղաղապահներն ունենք Կոսովոյում և Աֆղանստանում, որոնք պայքարում են իսլամիստական ահաբեկչության դեմ։

Լինելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կցանկանայի մտահոգությունները հայտնել, որովհետև, այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղ լինելով՝ ես չէի կարող չխոսել այդ երրորդ կողմի մասին, որը Թուրքիան է։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին, հասկանա, որ պետք է գտնվի խաղաղ լուծում։ Այդ դեպքում, կարծում եմ, հրադադար կհաստատվի, և դրանից հետո մենք կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և, ի վերջո, կգտնենք հակամարտության խաղաղ լուծում»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։