Ադրբեջանի հետ սահմանամերձ իրանական գյուղերից մեկում բնակելի տուն է ադրբեջանցիների գնդակոծության տակ հայտնվել։
Այս մասին ադրբեջանական աղբյուրներին հղումով հաղորդում է թվիթերի օգտատարերից Դենիել Ռեդը։ Նա հրապարակմանը կցել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ վնասվել է տան առաստաղը, ամբողջ հյուրասենյակում քարերի կույտ է։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեծապես տուժում են նաև իրանական բնակավայրերն ու Իրանի բնակիչները։ Մասնավորապես, պաշտոնական Իրանը մի քանի անգամ կողմերին զգուշացրել է իր տարածքում հայտնված արկերի մասին, նույն թեմայով իրանցի պաշտոնյաները նաև հանդիպում են ունեցել ադրբեջանցիների հետ։ Իրանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ կպատասխանեն իրենց տարածքի վրա ցանկացած ագրեսիայի, եթե անգամ դա ոչ միտումնավոր լինի։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։