22 հոկտեմբերի 2020 - 21:23 AMT
Պուտին․ ԼՂ-ում խնդիրը սկսվել է Սումգայիթում, ապա Ղարաբաղում հայերի դեմ կատարված հանցագործություններից

Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ` էթնիկական առճակատմամբ: Ցավոք, փաստ է` Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ընդհանուր առմամբ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նշել է նաև, որ իրենք հասկանում են` «այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանն իր տարածքի զգալի մասը կորցրել է, և այդպես չի կարող հավերժ շարունակվել»։

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության ջարդ և զանգվածային տեղահանուն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։