22 հոկտեմբերի 2020 - 22:35 AMT
ՊՆ․ Արցախի հարավում, հյուսիսում ու կենտրոնում ակտիվ էր, դիվերսիոն խմբեր են ներթափանցում

Հոկտեմբերի 22-ի դրությամբ հակառակորդն Արցախի սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական ռազմական գործողությունները, հատկապես ակտիվ է եղել հյուսիսը, կենտրոնը և հարավը, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարավում տարբեր կետերում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ունենալ դեպի արմուտք, հյուսիս և հյուսիս-արևմուտք, բոլոր փորձերը կասեցվել են, հետ են շպրտվել։

Նա նշել է, որ Արցախի կենտրոնական հատվածում մարտական գործողություններ են եղել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, դիվերսիոն ներթափանցումները շարունակվում են։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի մի քանի խմբեր ներթափանցում են մեծ ռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, հաճախ բնակավայրերում տներ են այրում, ստեղծում անկանոն իրավիճակ։ Հովհաննիսյանը հորդորել է նման իրավիճակներում զգոն լինել՝ հատկապես Տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ԶՈւ-ի հետ են գործակցում։ Ըստ նրա՝ այդ խմբերը մեկ գրագետ հարվածից հետո հետ են փախչում և նման խմբերի չեզոքացումը կազմակերպված գործողությունների դեպքում հեշտ է։

«Արցախի ու Իրանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասել է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արդրբեջանի նախագահի հայտարարույթանը, թե իրենք լիակատար հսկողության տակ են վերցրել Իրանի հետ սահմանը։

Հովհաննիսյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե հայկական ու ադրբեջանական կոմերն ունեն ընդհանուր առմամբ մոտ 5000 զոհ՝ նշելով, որ ՌԴ ղեկավարն ընդհանրացված թվեր է ներկայացրել, իսկ «Ադրբեջանի զինված ուժերն ու տարատեսակ հրոսակախմբերը մի քանի անգամ ավելի զոհեր ունեն, ու դա բացարձակ ճշմարտություն է»։

Նա նշել է, որ հիմնական մարտական գործողությունները հրետանային միջոցներով են ընթանում, կիրառվել է նաև դասական մարտավարական օդուժ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։