23 հոկտեմբերի 2020 - 10:58 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

30 անդամ է միացել շրջանառության մեջ դրված բանաձևին։

«Անչափ կարևոր է, որպեսզի Ներկայացուցիչների պալատը վճռականորեն սատարի Արցախի և նրա ժողովրդի անկախ ապրելու մղմանը, հատկապես, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կարևոր հանդիպումներին ընդառաջ»,- ասել է Փալոունը։

«Միջազգային հանրությունը չափազանց երկար է ենթարկվել ադրբեջանական և թուրքական ճնշումներին՝ տարիներ շարունակ անտեսելով նրանց ռազմատենչ հռետորաբանությունն ու ռազմական ներուժի հզորացումը։ Քանի որ այդ արյունալի հակամարտությունը շարունակվում է, մենք կարծում ենք, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է կոնգրեսականը։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images