23 հոկտեմբերի 2020 - 11:58 AMT
Թբիլիսիի հայերը դուրս են եկել քայլերթի՝ ի աջակցություն Արցախի

Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի հայերը դուրս են եկել քայլերթի՝ ի աջակցություն Արցախի։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Տեղի ունեցավ թբիլիսահայության թվով երկրորդ քայլերթը` ի աջակցություն Արցախի և Հայոց հաղթական բանակի»,- ասվում է գրառման մեջ։

Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել վրացական լրատվամիջոցներին օբյեկտիվ լուսաբանել իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում՝ պահպանելով Թբիլիսիի չեզոք դիրքորոշումը։

Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ առաջին երթը Թբիլիսիում անցկավել էր հոկտեմբերի 1-ին: Երթի հարյուրավոր մասնակիցները պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվել էին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։