23 հոկտեմբերի 2020 - 13:42 AMT
$350,000 Կանադայից՝ Արցախի ժողովրդին

Կանադան $350,000 կփոխանցի Արցախի ժողովրդին հումանիտար օգնության համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը։

«Մենք մշտական կապի մեջ ենք Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և շարունակում ենք ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ անել։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով $350,000 կհատկացնենք՝ հումանիտար նպատակներով»,- թվիթերյան իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

Նա նաև կոչ է արել երրորդ կողմերին չմիջամտել հակամարտությանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով վերիֆիկացիոն մեխանիզմներ կներդրվեն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):