23 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT
Արցախի ՄԻՊ-ը՝ շուշեցի երեխաների մասին․ Կարևոր է, որ պատերազմի ժամանակ չկորցնեն ժպիտը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կիսվել է Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բանկում 3 փոքրիկ տղայի լուսանկարով ու գրել, որ այդ երեխաներն ադրբեջանցիների հարվածների ժամանակ եկեղեցու ապաստարանում են եղել։

«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը: Նրանք այն երեխաներից են, որոնք հոկտեմբերի 8-ին գտնվում էին Ղազանչեցոցի ապաստարանում ադրբեջանական հարվածների ժամանակ»,-նշել է նա:

Լուասնկարն արվել է հոկտեմբերի 22-ին, հեղինակն Արեգ Բալայանն է (PAN Photo-ի թիմից)։

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հրետակոծել էր Շուշիի Սբ Ղազանչեցոցը, ներսում խաղաղ բնակչություն էր գտնվել, ոմանք տուժել էին։ Տուժածների թվում նաև արտասահմանցի լրագրողներ կային։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։