23 հոկտեմբերի 2020 - 22:40 AMT
ՊՆ․ Արցախի գյուղեր թափանցած դիվերսիոն խմբերի մեծ մասը ոչնչացվել են, հարավում՝ տապալվել

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 23-ի դրությամբ ռազմաճակատում շարունակվել են գործողությունները, օրվա ընթացքում Մարտակերտն ու Բերձորը՝ հարակից բնակավայրերով հրթիռակոծվել են, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ մարտերը հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող շրջանում, գյուղեր ներթափանցած դիվերսիոն խմբերը մեծամասամբ ոչնչացվել են, գրեթե ամբողջովին մաքրվել է Շեխեր բնակավայրը, որոշ տեղերում այդ աշխատանքները շարունակվում են։

«Հարավում ադրբեջանցիները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձ տապալվել է, զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան դիմել են փախուստի»,- ասել է Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հիմանկանում մարտերն օջախային են, հստակ բնագծեր չկան, կրակը շփման գծում թուլացել է, սակայն առանձին տեղերում կատաղի հարձակման դեպքում կրակի խտությունը մեծանում է։

Հովհաննիսյանի խոսքով՝ հոկտեմբերի 24-ից հայկական կողմը ռազմաճակատի մասին տեղեկություններ կհրապարակի քարտեզով․ ներկայումս եղածներն ամբողջովին չեն ներկայացնում իրավիճակը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։