20 փետրվարի 2009 - 21:25 AMT
Թուրքիան Մերձավոր Արեւելքում իր տեղի որոնման մեջ է
Թուրքիան որոնում է իր տեղը Մերձավոր Արեւելքում« Չնայած ԵՄ-ին անդամակցելու մտադրությանը, Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում եւ իրեն որպես տարածաշրջանային տերություն դրսեւորել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքիայի վարչապետի վերջին սկանդալը Դավոսում ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական բաղադրիչ: Թուրքիայում ընտրություններ են սպասվում: Հակաիսրայելյան դիրքորոշում դրսեւորելով` Թուրքիայի իշխող կուսակցությունը ձգտում է որոշակի օգուտ քաղել»,-նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Միեւնույն ժամանակ հայ քաղաքագետն ընդգծել է, որ չնայած զգալի տարաձայնություններին, Անկարան ու Թել Ավիվը հիանալի հասկանում են, որ միմյանց կարիքն ունեն: «Անշուշտ, լարվածությունը Իսրայելի ու Թուրքիայի միջեւ նկատվում էր նաեւ մինչ Դավոսի սկանդալը: Սակայն ինձ թվում է, որ մարտի ընտրություններից հետո Թուրքիայում իրավիճակը կհանդարտվի ու լարվածությունը կթուլանա»,-ասել է հայ քաղաքագետը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: «Ես այլեւս չեմ մասնակցի այս համաժողովին: Ինձ համար Դավոսն ավարտված է: Այսուհետ ես այլեւս այստեղ չեմ գա»,-ասել է թուրք վարչապետն ու լքել հանդիպման վայրը: Նույն օրը Թուրքիայի վարչապետը վերադարձել է Ստամբուլ, որտեղ նրան հանդիսավոր ընդունելություն էր սպասում Աթաթուրքի անվան օդանավակայանում: Հազարավոր մարդիկ, վանկարկում էին. «Թուրքիան հպարտանում է ձեզնով», «Դուք եք աշխարհի առաջնորդը», ծածանում էին թուրքական եւ պաղեստինյան դրոշներ, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիան կոշտ հակաիսրայելյան դիրքորոշում որդեգրեց «Ձուլածո արճիճ» օպերացիայի ժամանակ` մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանության համար: Մինչ 2008 թվականի դեկտեմբերը Թուրքիան ու Իսրայելը ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ են տարածաշրջանում: