24 հոկտեմբերի 2020 - 23:34 AMT
Viasat-ը Թուրքիային արտադրանք վաճառելիս հաշվի կառնի ԱՄՆ պետմարմինների որոշումը

Ամերիկյան Viasat ընկերությունը բացահայտ կաջակցի և կիրականացնի ԱՄՆ կառավարության՝ Թուրքիա տեխնոլոգիաներ արտահանելու մասով յուրաքանչյուր որոշում։ Այս մասին ընկերությունից PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են հոկտեմբերի 23-ին:

Նման մեկնաբանություն ընկերությունն արել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հայեր ակցիա են իրականացրել գրասենյակի առաջ՝ պահանջելով դադարեցնել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիային։ Վերջինս այդ տեխնոլոգիաները կիրառում է Bayraktar անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք կիրառվում են Արցախի հայերի դեմ։

Սան-Դիեգոյի Fox5-ի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավար Քեն Փեթերմանը հայտարարել էր, որ դադարեցնում է Թուրքիային նման տեսակի արտադրանքի մատակարարումը։

Բայց PanARMENIAN.Net-ին ընկերությունից հայտնել են, որ արդեն հաղորդակցային արտադրանքը վաճառել են ՆԱՏՕ-ի ադնամ Թուրքիային և ներկայումս Թուրքիային ոչ մի տեսակի արտադրանք չեն մատակարարում։

«Viasat-ը չի աջակցում անմեղ քաղաքացիականների վրա հարձակումներին։ Մենք չենք աջակցում մեր արտադրանքի և ծառայությունների կիրառմանը ցեղասպանական և ահաբեկչական ակտերի իրականացման համար։ Մենք բացահայտ կաջակցենք և կկատարենք Թուրքիա արտահանման մասով ԱՄՆ կառավարության յուրաքանյուր որոշում։ Մենք Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, վաճառել ենք կապի արտադրանք։ Ներկայումս ոչ մի արտադրանք Թուրքիային չենք մատակարարում, ինչպես նաև չենք մատուցում որևէ արբանյակային կամ այլ ծառայություն թուրք զինվորականների»,-նշվում է ընկերության նամակում։

«Մենք շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և վճառականորեն հանդես գալ անմեղ մարդկանց մահվան դեմ դիրքերից։ Չնայած կշարունակենք հետևել ԱՄՆ կառավարության և Պետդեպարտամենտի՝ միջազգային վաճառքը և գործակցությունը համակարգող կանոններին, նաև անհապաղ այդ կառույցների հետ լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ապահովենք մատակարարվող արտադրանքի և ծառայությունների կիրառումը՝ սահմանված սկզբունքների և օրենքների խստիվ պահպանմամբ»,- նշել են Viasat-ում։

Ըստ տեղեկությունների՝ ընկերությունն ԱԹՍ-ների համար նախատեսված տուփեր և սաթելիթային կապի բաղադրիչներ է վաճառում Թուրքիային։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։