25 հոկտեմբերի 2020 - 10:17 AMT
Գիշերը հրետակոծվել են Մարտունու և Ասկերանի որոշ գյուղեր

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ, տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Քաղաքացիականների շրջանում կորուստներ և տուժածներ չկան:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։