25 հոկտեմբերի 2020 - 11:22 AMT
Ֆրանսիացի խորհրդարանականներ են ժամանել ՀՀ․ Արցախ կայցելեն

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակություն է ժամանել Հայաստան, որը կայցելի նաև Արցախ, գրում է Nouvelle d'Arménie-ն։

Այցը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը։

Ֆրանսիացի պատգամավորներն այս այցով ցանկանում են իրազեկել մարդկանց Արցախում ստեղծված դրամատիկ վիճակի մասին։ Նաև այն կվկայի առանձնահատուկ բարեկամական կապի մասին, որը պատմականորեն ձևավորվել է ՀՀ և Ֆրանսիայի միջև, գրում է պարբերականը։

Այցը միտված է կասեցնելու հակամարտության սրացումը, ինչը կարող է հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը։

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, իր հերթին, հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։