25 հոկտեմբերի 2020 - 19:35 AMT
Արցախի ՄԻՊ․ Ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերն իրական են

Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավորված հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ին համացանցում տարածված տեսանյութի վերլուծությանը։

Տարածված տեսանյութում ռուսերենով հայհոյող և ադրբեջանական դրոշի տարբերանշանով կամուֆլյաժ կրող տղամարդը մի քանի սանտիմետր հեռավորությունից ատրճանակով գլխից գնդակահարում է հայկական բանակի կամուֆլյաժով տղամարդուն, որն արնաքամ էր լինում։

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։ Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բեգլարյանը։

Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է տարել Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։

Ընթերցեք նաև․ Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է վիրավոր հայի