25 հոկտեմբերի 2020 - 22:25 AMT
Հովհաննիսյան․ Մի քանի գյուղում դիվերսանտներ են երևացել, շարունակում ենք որոնել և ոչնչացնել

Հոկտեմբերի 25-ին ռազմաճակատի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները՝ հարավից մինչև հյուսիս։ Ռազմաճակատում իրավիճակը ներկայացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարավային ուղղությամբ օրվա ընթացքում դեպի հյուսիս և արևմուտք, Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ և հարձակումներ տարբեր ուղղություններով։

«Ինտենսիվ մարտական գործողություններն օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- հայտնել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջել են հարավային ուղղությամբ կատարվող գործողություններին։

Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում, երևացել են դիվերսիոն խմբեր։ Նրա խոսքով՝ այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ որպես կանոն այդ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են հայկական զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։