26 հոկտեմբերի 2020 - 00:28 AMT
ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում, փոխանցում է Aysor.am-ը։

Համանախագահները հայտարարել են, որ ԱԳ նախարարները հանդիպում են, որպեսզի քննարկեն, համաձայնության գան և սկսեն իրականացնել համաձայնեցված ժամանակացույցով սահմանված բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել, ըստ որի ԼՂ հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։00-ից, հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադբեջանի պատերազմից հետո երկու անգամ՝ պաշտոնական Մոսկվայի ու Փարիզի միջնորդությամբ, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկուսն էլ ադրբեջանական կողմը խախտել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։