26 հոկտեմբերի 2020 - 09:46 AMT
ՊՆ․ Ադրբեջանական կողմը` խախտելով հրադադարը, 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է բացել

Ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է բացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի ուշ ՊՆ խոսնակը հավելել է, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը, ասվում է Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։