26 հոկտեմբերի 2020 - 10:25 AMT
Փաշինյան․ Հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է բացել, հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմաններում։

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրել է այդ տեղեկատվությունը։ Արցախի ՊՆ-ն հայտարարել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։