26 հոկտեմբերի 2020 - 10:28 AMT
Կանադայի ԱԳՆ. Կոչ արտաքին ուժերին` հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել արտաքն ուժերին հեռու մնալ ԼՂ հակամարտությունից։

Նա տեղեկացրել է նաև, որ քննարկել է իրավիճակը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

«Խոսել եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ԱՄՆ աջակցությամբ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն կա Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին։ Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել հեռու մնալ հակամարտությունից և կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ վերահսկման մեխանիզմների ստեղծմանը»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է բացել, հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմաններում։ ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը։ Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AFP