Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 78,810-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 973-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը, կիրակի էր և կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների մի մասը չի աշխատել։
Մահվան ևս 18 դեպք կա, 16-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1196 դեպք կա, այլ պատճառով՝ 339։
Ապաքինվել է ևս 254 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 51,162 է, փաստացի բուժվողներինը՝ 26,113 է։
Մեկ օրում թեստավորվել է 2201 մարդ։ Ընդհանուր առմամբ, 379,541 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։