26 հոկտեմբերի 2020 - 11:32 AMT
Հակառակորդը Մարտունիի ուղղությամբ ռազմական ավիացիա է կիրառել

Հոկտեմբերի 26-ին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը, խախտելով ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է բացել, հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմաններում։

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրել այդ տեղեկատվությունը։ Արցախի ՊՆ-ն հայտարարել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։