26 հոկտեմբերի 2020 - 12:25 AMT
Արցախցի կանանց ու երեխաների ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց

Արցախցի կանայք և երեխաները ակցիա են իրականացնում Հայաստանում Եվրամիության գրասենյակի շենքի առջև՝ պահանջելով չլռել և համարժեք գնահատական տալ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, փոխանցում է 1lurer.am-ը:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ՝ արցախցի կանանց նամակը հանձնելու համար:

Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը նշել է, որ դեսպանին է դիմում Արցախի մայրերի կողմից՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք չեն պահպանում հրադադարը: Նա հորդորել է չլռել ու իրերն իրենց անունով կոչել։

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ադրբեջանական կողմը կրկին խախտել է այն։ Հոկտեմբերի 26-ի պայմանավորվածությունից բացի՝ ադրբեջանական կողմը հրադադրի ևս երկու միջնորդույթուն է անտեսել՝ պաշտոնական Մոսկվայինն ու Փարիզինը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։